Հոկտեմբերի 24-ից ի վեր Ադրբեջանի իշխանամետ և քիչ թե շատ ընդդիմադիր դիրքորոշմամբ լրատվամիջոցները քննարկում են ՊՆ-ում կադրային կտրուկ փոփոխությունները։ Առ այսօր նախարարությունը գրեթե անարձագանք էր թողնում դրանք, այսօրվա արձագանքն էլ բավականին անորոշ էր։
Հոկտեմբերի 29-ին ադրբեջանական ԱՊԱ լրատվական գործակալությանը հաջողվել է վերջին օրերի կադրային կտրուկ փոփոխությունների վերաբերյալ մեկնաբանություն վերցնել ՊՆ մամուլի ծառայության ղեկավարի տեղակալ, մայոր Թեյմուր Աբդուլաևից։
«ՊՆ-ում կադրային բարեփոխումներ են իրականացվում, դրանում ոչ մի արտառոց բան չկա, պահեստային ուժերը համալրում են որոշակի տարիքն անցած բարձրաստիճան զինվորականները, միևնույն ժամանակ սպաների ռոտացիա է իրականացվում։ Բոլոր զինծառայողներն ըմբռնմամբ են մոտենում ռոտացիային, քանի որ դա կատարվում է «Զինծառայության մասին» օրենքի սահմաններում», — ընդգծել է տեղակալը։
Փաստորեն, նա անուղղակի հաստատում է կադրային փոփոխությունների վերաբերյալ ռազմական փորձագետ Ուզեիր Ջաֆարովի և մի շարք լրատվակայքերի հրապարակումները։ Այդ դեպքում հարց է ծագում. ինչո՞ւ ՊՆ մամուլի ծառայությունը պաշտոնապես չի հաստատում դրանք կամ հանդես չի գալիս պաշտոնական հաղորդագրություններով՝ առաջինը տեղեկացնելով նոր, կարևոր նշանակումների մասին։ Բացի այդ. արդյո՞ք այս անուղղակի հաստատումը վերաբերում է մամուլում տեղ գտած նշանակումների վերաբերյալ անխտիր բոլոր տեղեկություններին։ Չհստակեցվեց նաև՝ այսուհետ կադրային փոփոխությունների մասին մամուլին տեղեկացնելու են, թե ոչ։
Հիշեցնենք, որ ԱՊԱ-ն հոկտեմբերի 24-ին լուրեր էր տարածել, որ Ադրբեջանում նշանակվել են պաշտպանության նոր փոխնախարար, ՌՕՈւ հրամանատար և ՊՆ տեսչական վարչության պետ: Հոկտեմբերի 25-ին ՊՆ-ն հերքել էր տեղեկությունների մի մասը, մի քանիսի վերաբերյալ էլ՝ լռել: Նախօրեին ԱՊԱ, ինչպես նաև «Թրենդ» լրատվական գործակալությունների փոխանցմամբ՝ ՊՆ ռազմական ոստիկանության վարչության պետ Բաբիր Հասանովն ազատված է զբաղեցրած պաշտոնից: Նրան փոխարինել է գնդապետ Ֆիզուլի Սալահովը: Հոկտեմբերի 28-ին լուրեր էին տարածվել՝ նորանշանակ նախարարը «ԶՈւ է վերադարձրել պահեստային ուժերի գեներալ Ալեքսանդր Վասյակին՝ նշանակելով ներքին վերահսկողության վարչության պետ»։
Վերոհիշյալ բոլոր տեղեկությունները հաղորդվել են այս կամ այն կայքի «սեփական ռազմական աղբյուրից» կամ էլ առանց որևէ աղբյուր հիշատակելու։ Հետաքրքիր է այն հանգամանքը, որ իշխանությանը մոտ կանգնած և ընդդիմադիր դիրքորոշման լրատվամիջոցները բացառապես նույն տեղեկություններն են հրապարակել։
Նկատենք, որ ՊՆ-ի լռությունը հանգեցրել է ՊՆ-ի, մասնավորապես մամուլի ծառայության ղեկավար Էլդար Սաբիրօղլուի դեմ բողոքի ալիքի բարձրացմանը։ Հոկտեմբերին 28-ին նա պաշտոնապես հաստատել է, որ իր կամքով հեռանում է՝ համալրելով պահեստային ուժերը։ Սոցցանցերում ու ֆորումային գրառումներով ադրբեջանցիների կողմից ակնարկներ են հնչում՝ միգուցե մամուլի ծառայության աշխատանքի վատթարացումը կապված է նորանշանակ նախարարի պաշտոնավարման սկզբնական շրջանում ստեղծված քաոսային իրավիճակի հետ, երբ կադրային կտրուկ փոփոխությունների հետևանքով ՊՆ-ի աշխատանքը մասամբ խաթարվել է։
Այսպիսով, ՊՆ մամուլի ծառայության ղեկավարի տեղակալի հայտարարությունն անորոշ էր, այն տարբեր դիտանկյուններից կարելի է մեկնաբանել։ Կարելի է ասել՝ այս հայտարարությամբ ՊՆ կադրային փոփոխությունների իրավիճակը չհստակեցվեց հասարակության համար։
Комментариев нет:
Отправить комментарий