Գեներալ-մայոր ՍԵՄՅՈՆ ԽՈՐԵՆԻ ՀԱԿՈԲՅԱՆԸ ծնվել է 1956թ. Բաքվում: Ավարտել է Ռյազանի բարձրագույն ռազմական ավտոմոբիլային հրամանատարական ուսումնարանը (1977), Լենինգրադի թիկունքի եւ տրանսպորտի ակադեմիան (1986), 2000թ. գերազանցությամբ ավարտել է ՌԴ ՊՆ գլխավոր շտաբի ռազմական ակադեմիան: 1977-92-ին ծառայել է Խորհրդային Միության ԶՈւ Մերձկարպատյան զինվորական օկրուգում, Աֆղանստանում, Նովգորոդում, Ուկրաինայում, Լիտվայում… տեղակայված զորախմբերում` առանձին գվարդիական ռեակտիվ դիվիզիոնի ավտոտրանսպորտային ծառայության պետ, հրթիռների տեղափոխման դասակի, ավտոմոբիլային վաշտի, գումարտակի հրամանատար, թիկունքի պետ, մոտոհրաձգային գնդի հրամանատարի տեղակալ: 1992-99 թթ. ծառայել է ՀՀ ԶՈւ-ում, որպես թիկունքի շտաբի պետ, թիկունքի վարչության պետ, ՀՀ նախագահի աշխատակազմին առընթեր գլխավոր զինվորական տեսչության շտաբի պետ, 2000-2003 թթ.` ՊԲ շտաբի պետ-հրամանատարի տեղակալ, 2003 թ.-ից` ՀՀ պաշտպանության նախարարի հատուկ հանձնարարությունների գծով գեներալ: Գործուն մասնակցություն է ունեցել բանակաշինությանը, առանձին ռազմական գործողությունների մշակմանը: Սեմյոն Հակոբյանն իր ակտիվ գործունեությամբ մեծածավալ աշխատանք է իրականացրել թիկունքի համակարգի ձեւավորման, կադրերի ընտրության եւ դաստիարակության գործում: Հատկապես մեծ է եղել սպառազինության հաշվառման եւ զինամթերքի պահեստի կարգավորման գործում նրա ներդրումը. նրա շնորհիվ մշակվել եւ գործի են դրվել բազմաթիվ նորմատիվային փաստաթղթեր, հրամաններ եւ հրահանգներ: Իր աշխատասիրությամբ, ղեկավար հրամանատարին յուրահատուկ լրջությամբ ու պատասխանատվությամբ նրան հաջողվել է համախմբել թիկունքի ծառայության բոլոր օղակների հրամանատարներին եւ կոորդինացնել նրանց աշխատանքը: Պարգեւատրվել է ԽՍՀՄ եւ ՀՀ պետական եւ գերատեսչական բազմաթիվ մեդալներով:
Սեմյոն Հակոբյանն իր փորձը, գիտելիքները, իր ուժն ու եռանդը անմնացորդ նվիրել է մեր բանակին: Սիրված եւ հարգված անձնավորություն է, իսկական զինվորականի կատարելատիպ:
-Պարոն Հակոբյան, իհարկե դժվար է Ձեր հարուստ կենսագրությունն ամփոփել մի հոդվածում, այնուամենայնիվ, կխնդրեի հետանդրադարձ կատարել: Սկսենք մանկությունից` որտե՞ղ եք ծնվել, ի՞նչ միջավայրում մեծացել, ովքե՞ր էին Ձեր ծնողները:
-Ծնվել եմ Բաքվում, մանկությունս շատ հետաքրքիր, բազմազան ու հագեցած է եղել: Ծնողներս խիստ էին, անում էին հնարավորը, որ օրինապաշտ ու կիրթ զավակներ մեծացնեին: Մայրս ուսուցչուհի էր: Ես ու եղբայրս ռուսական դպրոց էինք հաճախում, եւ մայրս փորձում էր հնարավորության սահմաններում մեզ հայկական շունչ ու ոգի հաղորդել: Այստեղից-այնտեղից հայ հեղինակների ռուսերեն գրքեր էր հայթայթում ու ստիպում-պարտադրում էր անպայման ընթերցել, որ ճանաչեինք հայ մշակույթը, մեր արմատները: Հայրս խստապահանջ, բծախնդիր անձնավորություն էր, բնավորությամբ «չոր» մարդ էր, ազդեցիկ, խոսքը օրենք էր բոլորիս համար: Ավարտել էր Գորիի հետեւակային ռազմական ուսումնարանը, ծառայել Հեռավոր Արեւելքում: 1950-ականների կեսերին մեծ թվով զինվորականների հաստիքներ կրճատվեցին, այդ թվում` հորս: Քաղաքացիական կյանքում նոր զբաղմունք գտավ` էլեկտրիկ էր աշխատում: Սակայն էությամբ, բնավորությամբ, խառնվածքով իսկական զինվորական էր ու այդպիսին էլ մնաց մինչեւ կյանքի վերջ. կարգ ու կանոն էր սիրում ամեն գործում, ամեն ինչում: Հայրս լավ մասնագետ էր, էլեկտրականության հետ կապված ինչ պատասխանատու գործ լիներ, նրան էին հանձնարարում: Բաքվի այն ժամանակվա գունավոր շատրվանները եւս հորս ձեռքի գործն էին: Երբ փոքր էինք, հաճախ էինք գնում այնտեղ` հիանալու շատրվանների գեղեցիկ գույներով…
- Երեւի ամեն մեկիս համար էլ մանկությունը մեր կենսագրության ամենագեղեցիկ, ամենագունեղ, ամենալուսավոր մասն է: Դպրոցից հետո Դուք ընտրեցիք զինվորականի ճանապարհը: 16 տարեկան էիք, երբ ընդունվեցիք ռազմական ուսումնական հաստատություն, ու վերջ պատանեկան անհոգությանը. կյանքն արդեն ընթանում էր զինվորական ռելսերի վրա: Ծառայել եք տարբեր վայրերում, նաեւ Աֆղանստանում, որտեղ ցուցաբերած խիզախության համար պարգեւատրվել եք ԽՍՀՄ «Հայրենիքի ծառայության համար» 3-րդ աստիճանի շքանշանով եւ վաղաժամկետ ստացել կապիտանի կոչում:
-Ես չգիտեի էլ, որ կապիտանի կոչում եմ ստացել: Երբ պետք է տեղափոխվեի այլ զորամաս, ինձ փոխարինողն ասում է` եկել եմ փոխարինելու կապիտան Հակոբյանին: Իսկ ես համառորեն պնդում եմ` մեզ մոտ այդպիսի մարդ չկա: Այդպես էլ նոր ծառայավայր եմ ներկայացել ավագ լեյտենանտի ուսադիրներով,- ժպիտով վերհիշում է գեներալ-մայորը, ապա շարունակում: – Աֆղանստանում ծառայությունն ուրիշ էր` իմ կյանքի ամենաարժանավոր տարիներն էին: Բայց դրանց հետ նաեւ բազմաթիվ դառը հիշողություններ են կապված, սիրտս տակնուվրա է լինում, անկեղծ ասած՝ չեմ ուզում խոսել այդ մասին: Ի՜նչ ապրումներ ենք ունեցել մահվան ու կյանքի սահմանաբերանում… Հիմա, երբ մեկ -մեկ վատ եմ զգում, հիվանդությունս նեղում է ինձ, ինքս ինձ քաջալերում եմ, ասում` հանգստացի՛ր, հավաքի՛ր քեզ, հիշի՛ր, սրանից հազար անգամ վատ օրեր ես ապրել, ու հոգիս զարմանալիորեն թեթեւանում է: Իսկ Աֆղանստանում շատ լավ եմ ծառայել, է՜հ, էլ մի՛ հարցրու…
Գեներալ-մայորն իր հուշերի հետ է, հոգում փոթորիկ է, ով գիտե` գուցե զոհված կամ վիրավոր ընկերներին է հիշել, գուցե պատերազմական օրերից մի դրվագ… Դեմքին անհուն թախիծ է դրոշմված. հուշեր կան, որ երբեք չեն մոռացվում… Հաջորդ հարցս խախտում է լռությունը.
-Խորհրդային բանակում Դուք ունեիք պաշտոն, կոչում, հեղինակություն եւ առաջխաղացման մեծ հեռանկար, իսկ Հայաստանում ծանր իրավիճակ էր՝ շրջափակում, չկար հոսանք, գազ, հաց… Եվ Դուք ընտանիքի հետ եկաք Հայաստան` համալրելով այն զինվորականների շարքը, որոնք անտեսելով հազար ու մի դժվարություն, եկան ու անմնացորդ նվիրումով, մեծ եռանդով գործի անցան, իրենց փորձն ու ռազմական գիտելիքները ներդրեցին մեր բանակի ստեղծման ու կայացման գործում…
-Ես իմ հայրենիք եմ եկել: Եկա եւ ասացի` ուզում եմ Հայաստանում ծառայել: Իրապես դժվար ու ծանր ժամանակահատված էր: Բանակ չունեինք, ու ամեն ինչ ստեղծվում էր սկզբից, բազում խնդիրներ կային: Ես էլ կարգ ու կանոն սիրող զինվորական ու… շուրջբոլորը մորուքավոր տղերք՝ տարբեր խառնվածքի ու մտածողության, տարբեր կրթության, բայց բոլորիս մի նպատակ էր առաջնորդում՝ ոչնչացնել, ջարդել հակառակորդին, որ չխաթարվի մեր հող ու ջրի անդորրը: Չեմ կարող հատուկ չշեշտել Վազգեն Սարգսյանի կազմակերպչական մեծ ունակությունները, նա հրաշալիորեն կարողացավ համախմբել իրարից այդքան տարբեր մարդկանց: Սակայն միայն սիրով ու նվիրումով բանակ չէր ստեղծվի: Պետք էր հաստատել կանոնադրային հարաբերություններ, տարրական կարգապահություն, զինվորականի պահվածք: Այն ժամանակ ոչինչ չկար, չկար զինվորական համազգեստ, զենք-զինամթերք: Զինվորական գործին քաջատեղյակ մարդիկ էլ այնքան շատ չէին: Գեներալ-լեյտենանտ Հրաչ Անդրեասյանը ի՜նչ խիստ էր հետեւում այդ ամենին, ի՜նչ գրագետ մատուցում, սովորեցնում ու խստորեն էլ պահանջում էր: Ես էլ հնարավորինս մատչելի փորձում էի բացատրել, պարզաբանում, հասկացնում էի, չէի զլանում` երբեմն նույն բանը տասը անգամ, հարյուր անգամ էի բացատրում. մեր բանակի հիմքն էր դրվում, ու պետք էր ամեն ինչ ճիշտ անել, որպեսզի բանակային կառույցը ուղիղ և ամուր կառուցվեր: Զինվորական գործի մեջ մանրուքներ չկան…
Այդ ժամանակ իմ առջեւ ծառացած խնդիրներից մեկն էլ մայրենի լեզվին լավ չտիրապետելն էր, ռուսերեն էի հիմնականում բացատրում, խոսում, մի քիչ բարդույթավորվում էի, բայց դե հետո սովորեցի և այժմ գերազանց, կատարյալ գիտեմ հայերեն, ու մեր հայ հեղինակների գործերը հենց հայերեն եմ կարդում: Էնպես որ` եկա Հայաստան ու ավելի հայացա:
-Դուք հայրենիքում եւս բազմաթիվ պատասխանատու պաշտոններ եք զբաղեցրել, եղել եք թիկունքի վարչության պետ, բրիգադի հրամանատար… Ծառայել եք ամենայն բարեխղճությամբ, անսահման նվիրումով: Ձեր բազմաթիվ մեդալները ասվածի խոսուն վկաներն են եւ գնահատանքը` «Մարտական ծառայության», «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի, «Անդրանիկ Օզանյան», «Դրաստամատ Կանայան», «Մարշալ Բաղրամյան», «Ծովակալ Իսակով»… 2001 թ. ստացաք գեներալ- մայորի կոչում: Դիրքն ու կոչումները չե՞ն փոխում մարդու էությունը, չե՞ն խմբագրում նրա խառնվածքը:
-Ես նույնն եմ մնացել, երբեք չեմ փոխվել, պարզապես պատասխանատվությունս է կրկնապատկվել:
-Ձեզ բնութագրելիս նշում են` խիստ, կտրուկ, սկզբունքային, պահանջկոտ, եւ անպայման ավելացնում են` պահանջկոտ թե՛ ենթակաների, թե՛ անձամբ իր նկատմամբ: Ձեզ բնութագրելիս նաեւ նշում են, որ Դուք երբեւիցե չեք խուսափել պատասխանատվությունից, քայլել եք շիտակ եւ ուղիղ, ճակատը բաց…
Այս խոսքի վրա ներս է մտնում գեներալ-մայորի բարեկամներից մեկը, որ պետք է մեկնի ծառայության սահմանամերձ զորամաս, եկել է հրաժեշտ տալու: Բարի եւ անփորձանք ծառայություն ենք մաղթում երիտասարդին: Զրույցի թեման ինքնըստինքյան փոխվում է:
- Հաճախ եմ լսում` գեներալների բարեկամները սահմանից հեռու, համեմատաբար հանգիստ համարվող զորամասերում են ծառայում:
-Ես նման բաներ չեմ սիրում ու չեմ ընդունում, ի՞նչ է նշանակում` զինվորին այստեղ կամ այնտեղ դասավորել կամ տեղափոխել: Ինչո՞վ է այս զինվորն ավելի լավ մյուս զինվորից: Մերոնք գիտեն` ես կտրուկ դեմ եմ նման բաներին: Տարիներ առաջ բարեկամներիցս մեկը խնդրել էր, որ որդուն մոտիկ, հարմար մի զորամասում «տեղավորեմ»: Ուղարկեցի ամենահեռավոր ծառայավայրերից մեկը, իսկ բարեկամիս էլ խորհուրդ տվեցի` կգնաս որդուդ տեսնելու, միաժամանակ այդ տեղանքն էլ կճանաչես, կծանոթանաս: Չէ՛, ես նման բաներ չեմ սիրում, երբեք էլ որևէ մեկին նման հարցով չեմ դիմի, չեմ խնդրի: Պատիվն ու արժանապատվությունը ամեն ինչից վեր են:
-Պարոն գեներալ, պատմեք, խնդրեմ, Ձեր ընտանիքից: Ձեր զավակները շարունակու՞մ են Ձեր գործը:
-Ծառայության բերումով տարբեր վայրերում եմ եղել, անընդհատ տեղափոխվել, ընտանիքս միշտ իմ կողքին է եղել, կիսել զինվորական կյանքի դժվարությունները, ապրել ենք անգամ բարաքներում: Կինս` Հրանուշը, նույնպես զինվորական է, կապիտան: Աղջիկս` Կարինեն, բժշկական համալսարանն է ավարտել, ավագ որդիս` Աշոտը, համալսարանի «Միջազգային հարաբերություններ» ֆակուլտետը, կրտսեր որդիս` Խորենը, ուսանող է, Հյուսիսային համալսարանում է ուսանում: Զավակներիս երբեք չեմ պարտադրել այս կամ այն մասնագիտությունն ընտրելու, կարեւորը` սիրեն իրենց գործը, լիարժեք տիրապետեն մասնագիտությանը:
-Իսկ տա՞նն էլ եք խիստ:
-Խիստ եմ: Հորս նման կարգուկանոն եմ սիրում ու հորս պես էլ, թե մի բան ասել եմ, պիտի անպայման կատարվի, հետո, կատակ բան չէ` 16 տարեկանից զինվորական կյանքով եմ ապրել ու շնչել: Բայց երբ առայժմ միակ թոռնիկս է գալիս մեզ հյուր, տունը լցվում է ծիծաղով, աղմուկով, աշխույժով, ամեն ինչ մի լավ խառնում է իրար: Երեք տարեկան է ու երեւի նկատել է խստությունս, մի օր ասաց` պապի, թո՞ւյլ ես տալիս պահարանի դուռը բացեմ: Երբ թոռս մեր տանն է, տան գեներալը ինքն է,- ծիծաղելով ասում է գեներալ-մայոր Սեմյոն Հակոբյանը,- երեխեքը տունը լցնում են ուրախությամբ, երջանկությամբ:
-Պարոն գեներալ, իսկ ի՞նչ է Ձեզ համար երջանկությունը:
-Փառք Աստծո, ես չեմ դժգոհում, ինչ ձգտումներ, երազանքներ ունեցել եմ` կատարվել են, զինվորական կոչումներ ու պարգեւներ` ստացել եմ, լավ ընտանիք ունեմ, որ իմ հենման կետն է: Ուր որ ծառայել եմ, միշտ շրջապատված եմ եղել հավատարիմ մարդկանցով, լավ ընկերներով… Մի՞թե սա պակաս երջանկություն է… Իսկ մեծ հաշվով` երջանկությունը մեր ամենօրյա-առօրյա կյանքն է` իր ուրախությամբ, տխրությամբ, ժպիտով ու սիրով: Մեզնից ամեն մեկն էլ պարտավոր է այն ավելի գեղեցիկ, ավելի լուսավոր դարձնել, զուր տեղը չդժվարացնել, չծանրացնել, չբարդացնել, պարզապես ազնիվ, շիտակ ու մաքուր ապրել էս տիեզերքի մեջ մեզ բաժին հասած կյանքը….
Մեր զրույցի ամբողջ ընթացքում հեռուստացույցը միացված էր: Ռուսական հեռուստաալիքներից մեկի հաղորդավարուհին տեղեկացնում է, որ այսինչ տեղում 50 աշխատատեղ է կրճատվել:
-Ախր այդ ամենի հետեւում մարդկային ճակատագրեր են,- բողոքում, զայրանում ու տխրում է գեներալը:
…Արդեն պատրաստվում էի դուրս գալ այս հյուրընկալ օջախից, որտեղ բաց են ոչ միայն տան դռները, այլ նաեւ մարդկանց սրտերը, բայց ահա տանտերերը կրկին հյուր ունեն` Սեմյոն Խորենիչին տեսակցելու է եկել գնդապետ Իվան Ղուկասովը: Վերջինիս խնդրում եմ մեկ-երկու խոսքով բնութագրել գեներալին:
- Սեմյոն Խորենիչը հրաշալի անձնավորություն է, պրոֆեսիոնալ զինվորական: Աֆղանստան անցած սպան սրտի թելադրանքով եկավ Հայաստան եւ որքան ներուժ ուներ, տվեց հայկական բանակին: Բազմաթիվ կարեւոր եւ պատասխանատու պաշտոններ է զբաղեցրել, ինչ գործ էլ որ կատարել է` մեծ պատասխանատվությամբ, երբեք չի բավարարվել ձեռքբերումներով, միշտ ձգտել է կատարելագործվել, հարստացնել գիտելիքները: Անսահման է նրա նվիրումը իր գործին, նա դրանով ապրել եւ ապրում է… Թրծված զինվորական է եւ գիտե` ինչ է մարտական ընկերոջ կորուստը, վիրավոր ընկերոջ ցավը: Նա ապրել է իր զինվորի հոգսուցավով, զինվորը անվերապահորեն հավատացել ու վստահել է նրան: Գերազանց, պատվով է ծառայել ե՛ւ Խորհրդային Միության, ե՛ւ մեր ազգային բանակում: Նրան հարգում են, սիրում: Սեմյոն Հակոբյանն ու նրա նման մարդիկ հայ ժողովրդի հպարտությունն են:
http://www.hayzinvor.am/22855.html
Комментариев нет:
Отправить комментарий